Կենսաթոշակառուն ազատվում է աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկություններ հայթայթելու պարտավորությունից

Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում նախորդ տարեվերջին կատարված լրացումը, ըստ որի անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները հարցման միջոցով կստանա պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ: Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Գործող օրենքի համաձայն՝ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Ներկայումս արխիվային տեղեկանքները արխիվից ստանում է կենսաթոշակառուն, ինչը ավելորդ ծախսեր և ժամանակի կորուստ է: 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է այս օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:

Նշենք, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Ի դեպ՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում նախորդ տարեվերջին կատարված այլ փոփոխություններո և լրացումներով հստակեցվել են աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը. տարիքայինի համար` 10 տարի, հաշմանդամության դեպքում` ըստ սանդղակի: Այս փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտել հունվարի 23-ին:

PastInfo

24.01.2016

Вернуться