Պատասխանատվություն եւ տուգանքներ ընտրությունների ժամանակ խախտումների համար
Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանվում են քվեարկության գաղտնիությունը խախտելու համար նախատեսված պատիժները։
1. Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` 500.000 – 700.000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
2. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը`պատժվում է տուգանքով՝ 100.000 – 200.000 դրամի չափով:
Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված պատիժները։
3. Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝4-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա: