Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Որդեգրման կարգը

Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որպես որդեգրել ցանկացող անձինք, հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են (N 3 ձև) իրենց բնակության վայրի աշխատակազմ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները`

  • անձը հաստատող փաստաթուղթ.
  • բնակարանային պայմանների մասին տեղեկանք` տրված բնակության վայրից.
  • ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից.
  • զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մասին տեղեկանք. 
  • անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից.
  • բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.
  • ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է)
  • երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է.
  • տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

Աշխատակազմը սույն փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կատարում է անձի կենսապայմանների ուսումնասիրություն, կազմում համապատասխան ակտ և տալիս որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն:

Սույն փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական և անթերի լինելու, որդեգրումն արգելող` օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքերում, ինչպես նաև անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա, աշխատակազմը տալիս է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է այն տալու օրվանից 12 ամիս: Դիմումատուն դրական եզրակացության հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ:

Փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չլինելու, դրանցում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում աշխատակազմը դիմողին գրավոր առաջարկում է 30-օրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունները կամ ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

Աշխատակազմը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն (որն ուժի մեջ է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում) տալիս է`

  • երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու դեպքում.
  • որդեգրել ցանկացող անձին բացասաբար բնութագրող հատկանիշների մասին ստացված տեղեկությունների հիման վրա.
  • անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի հիման վրա.
  • երեխա որդեգրել ցանկացող անձի դիմումը հիմնավորված չլինելու դեպքում.
  • որդեգրումն արգելող` օրենքով նախատեսված դեպքերում:

Որդեգրել ցանկացող անձը հաշվառումից հանվում է`

  • իր դիմումի համաձայն.
  • դրական եզրակացության 12 ամիսը լրանալու դեպքում.
  • երեխայի որդեգրման դեպքում (եթե որդեգրել է իր դիմումում նշված թվով երեխա).
  • Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակություն հաստատելու դեպքում.
  • Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում:

 Միջազգային որդեգրում

«Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի անդամ երկրներում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմում են համապատասխան երկրի կենտրոնական մարմին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը, ինչպես նաև տվյալ երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ:

Կոնվենցիային չանդամակցող երկրներում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ լիազորված անձի, կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով դիմում են կենտրոնական մարմին` ներկայացնելով սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ, որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը և հետագայում որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ վերահսկողության պարտավորության մասին տեղեկանքը` տրված իրենց երկրի իրավասու մարմնի կողմից:

Որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են բնագրով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված` հայերեն թարգմանությամբ:  Հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին և օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին` նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար:

Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել մեկից ավելի որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ապա երեխայի հետ նրանցից առաջինի հանդիպումը կազմակերպվում է ըստ նրանց դիմումները տալու հերթականության: Որդեգրել ցանկացող մյուս անձի հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե առաջինը 15 օրվա ընթացքում ցանկություն չի հայտնել տվյալ երեխային որդեգրելու մասին:

Որդեգրել ցանկացող օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում դիմում է կենտրոնական մարմին, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը: Նախարարությունը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնական մարմին գրավոր տեղեկացնում է որդեգրման հնարավորության մասին և, անհրաժեշտության դեպքում, նաև ուղարկում որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը:

Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրման մասին ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելուց հետո օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանված վկայականն ստանալու նպատակով դիմումի հետ միասին կենտրոնական մարմին է ներկայացնում`

  • որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (պատճենը).
  • երեխայի ծննդյան և որդեգրման վկայականները (պատճենները).
  • որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմում է կենտրոնական մարմին` ներկայացնելով հոդվածում նախատեսված փաստաթղթերը և տվյալ երկրի (որի քաղաքացին է անձը) իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին երկրի տարածքում մշտապես ապրող ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու:

Երեխա որդեգրողները կարող են լինել չափահաս անձիք, սակայն կան հատուկ պայմաններ, որոնց պետք է համապատասխան են: Հայաստանում երեխա որդեգրելու իրավունքից կարող են զրկվել այն մարդիկ, ովքեր դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով զրկվել են ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են դրանք, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հեռացվել են խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից, առողջական վիճակով պայմանավորված չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։ Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել Հայաստանում, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար, հաստատում է ՀՀ կառավարությունը:

Որդեգրման իրավունք չունեն նաև սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները և չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին: Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց ևս օրենքն արգելում է դիմել որդեգրման:

Դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրման որոշումը՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Որդեգրումից հետո որոշումը կարող է վերացվել նաև այն դեպքում, երբ որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց: Առկա են  մի քանի պատճառներ, որոնք կարող են Հայաստանում երեխա որդեգրած ծնողին իրավունքից զրկելու հիմք դառնալ: Եթե ծնողները չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ, համարվում են քրոնիկ ալկոհոլիկներ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ տառապող հիվանդներ են: Որդեգրած ծնողը կարող է զրկվել երեխայից նաև դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված կենսաբանական ծնողի պահանջով՝ դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքում:

Հայաստանի Հանրապետությունում տեղական և օտարերկրյա որդեգրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ  կառավարության 2010թ. մարտի 18-ի N 269-ը որոշմամբ սահմանված որդեգրման կարգով:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եվ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառումը

Որդեգրողների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառումն իրականացնում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը: Որդեգրողների մշտական բնակության վայրում հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

19.02.2015

Вернуться