Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
Օտարերկրացիները մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով վավերական անձնագրի առկայության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թույլտվության դեպքում որպես կանոն` մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա: Առանց մուտքի վիզայի ՀՀ կարող են մուտք գործել հետևյալ պետությունների քաղաքացիները` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Մոլդովա: Այս պետությունների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով: Ավելի մեծ ժամկետով ՀՀ տարածքում գտնվելու համար նրանք պետք է ստանան կացության կարգավիճակ:
Մուտքի վիզայի տեսակները՝
- այցելության մուտքի վիզա (V).
- պաշտոնական մուտքի վիզա (O).
- դիվանագիտական մուտքի վիզա (D).
- տարանցիկ մուտքի վիզա (Tr):
Այցելության մուտքի վիզան իրավունք է վերապահում օտարերկրացուն մուտք գործել և գտնվել ՀՀ-ում մինչև 120 օր ժամկետով`առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Այն տրվում է մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի համար:
Այցելության մուտքի վիզան տրվում է` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու,ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության (հանգստի), բուժման, ՀՀ կրթական հաստատություններում ուսանելու, ՀՀ-ում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, ՀՀ-ում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար, ազգությամբ հայերին:
Մուտքի վիզան տրամադրվում է`
- այլ պետությունում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.
- ՀՀ պետական սահմանի անցման կետերում`ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանման կողմից.
- էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային վիզա)`ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Մուտքի վիզա ստանալու կարգը
Այլ պետությունում և ՀՀ պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացին մուտքի վիզա տրամադրող մարմին է ներկայացնում`
- միջազգայնորեն ճանաչված`անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ կամ անձնագիր (դրա վավերականության ժամկետը պետք է գերազանցի հայցվող վիզայի վավերականության ժամկետը առնվազն մեկ ամսով).
- անգլերենով կամ հայերենով լրացված դիմում-հարցաթերթիկ.
- դիմում-հարցաթերթիկին փակցնելու համար այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մուտքի վիզաների դեպքում` 35×45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ պետական սահմանի անցման կետերում դիմում- հարցաթերթիկին կցվում է օտարերկրացու անձնագրի պատճենը.
- մինչև 18 տարեկան օտարերկրացին`նաև ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, օրինակ ներկայացուցչի, ուղեկցողի հետ միասին այցելելու կամ միայնակ, ՀՀ-ում գտնվող ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր).
- պետական տուրքի վճարման անդորագիր:
էլեկտրոնային վիզա ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարության ինտերնետային կայք` http://www.mfa.am/
Մուտք վիզայի ժամկետի երկարաձգումը
ՀՀ մուտքի վիզայի (նաև էլեկտրոնային մուտքի վիզաների) ժամկետի երկարաձգման համար օտարերկրացու կողմից ՀՀ մուտքի վիզայի ժամկետը լրանալուց առավելագույնը 15 օր առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացվում անձը հաստատող փաստաթուղթ, դիմում-հարցաթերթիկ` ՀՀ-ում իր գտնվելու անհրաժեշտության մասին նշմամբ: Անձնագրային և վիզաների վարչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում երկարաձգում է ժամկետը կամ մերժում է վիզայի ժամկետի երկարաձգման մասին դիմումը:
ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի 329-Ն որոշմաբ հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ, այն էլ միայն հրավերի հիման վրա:
Ներկայացնում ենք ձեզ այդ պետությունների ցանկը`
Ալժիր, Անգոլա, Աֆղանստան, Բանգլադեշ, Բենին, Բոթսվանա, Բուրունդի, Բուրկինա Ֆասո, Գաբոն, Գամբիա, Գանա, Գվինեա, Գվինեա Բիսաու, Եգիպտոս, Եթովպիա, Զամբիա, Զիմբաբվե, Էրիթրեա, Թունիս, Լեսոտո, Լիբիա, Լիբերիա, Կաբո Վերդե, Կամերուն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կոմորյան կղզիներ, Կոնգո, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոտ դ’Իվուար, Հասարակածային Գվինեա, Հարավային Սուդան, Մադագասկար, Մալավի, Մալի, Մարոկկո, Մավրիտանիա, Մաուրիտիուս, Մոզամբիկ, Նամիբիա, Նեպալ, Նիգեր, Նիգերիա, Շրի Լանկա, Չադ, Պակիստան, Պաղեստին, Ջիբուտի, Ռուանդա, Սան Տոմե և Պրինցիպի, Սաուդյան Արաբիա, Սեյշելյան կղզիներ, Սենեգալ, Սիերա Լեոնե, Սիրիա, Սոմալի, Սվազիլենդ, Սուրբ Ելենայի կղզի, Սուդան, Վիետնամ, Տանզանիա, Տոգո, Ուգանդա, Քենիա:
Այս պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա պետության ազգությամբ հայ քաղաքացիների մերձավոր ազգականները (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) ՀՀ մուտքի վիզա ստանում են առանց հրավերի:
ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա պետության ազգությամբ հայ քաղաքացիների մերձավոր ազգականների (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) անմիջական ազգակցությունն ապացուցվում է պաշտոնական փաստաթղթերի հիման վրա:
ՀՀ-ից ելքի կարգը
Օտարերկրացիները ՀՀ-ից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը ՀՀ տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հաստատող վավերական փաստաթղթի առկայության դեպքում:
ՀՀ-ից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե`
- նրա նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին մինչև գործի վարույթի ավարտը կամ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը.
- նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն ՀՀ- ում`մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց ազատվելը:
30.04.2015