Առանձին մասնագիտացում ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ կստեղծվեն
Կառավարության հունիսի 17-ի նիստում հավանության արժանացավ օրենքների փաթեթը, որով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով նախատեսվում է ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ։ Ներդրվելու են նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:
Ընդունված օրենքների փաթեթով կկարգավորվեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը։
Ըստ գործադիրի հիմնավորման՝ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին` առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:
Օրենքների ընդունմամբ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։
hetq.am