Նախագահը հաստատել է դատավորների թեկնածությունների ցուցակը

Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը  հրամանագիր է ստորագրել, որով  հաստատել է Արդարադատության խորհրդի՝ 2015թ. մայիսի 27-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի լրացման մասին» որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը:

«court.am»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, համապատասխան լրացումներ պետք է կատարվեն՝ համաձայն հավելվածի, ՀՀ նախագահի  2011թ. հուլիսի  23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» հրամանագրով հաստատված Դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական, վարչական մասնագիտացման բաժիններում:

Այսպես, ըստ հավելվածի, քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկվել են «Արցախբանկ» ՓԲԸ-իիրավաբանական վարչության իրավաբանական ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ, 1979թ. ծնված Աննա Սեյրանի Արզումանյանի, 1982թ. ծնված Տիգրան Սիմոնի Գրիգորյանի, ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, 1980թ. ծնված Սիմա Ալբերտի Իսկանդարյանի, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորի օգնական,  1985թ. ծնված Լենդրուշ Հրաչյայի Հովհաննիսյանի, «Սլասար» ՍՊԸ տնօրեն, 1965թ. ծնված Նաիրա Միշայի Մխիթարյանի, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության հինգերորդ բաժնի պետ, 1985թ. ծնված Գրիգորի Հարությունի Վարդանյանի  և 1982թ. ծնված Արման Վարդանի Օհանյանի թեկնածությունները: Իսկ վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկվել են ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ, 1982թ. ծնված Ռուստամ Ջասմի Մախմուդյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ, 1981թ. ծնված Մհեր Ղարիբի Պետրոսյանի թեկնածությունները:

ՓաստԻնֆո

Вернуться